ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ինչու՞ է Ադրբեջանը ցանկանում SOCAR-ը վերածել «ազգային ընկերության»

Ինչու՞ է Ադրբեջանը ցանկանում SOCAR-ը վերածել «ազգային ընկերության»
13.03.2025 | 13:48

Բաքուն ցանկանում է ինստիտուցիոնալ վերափոխումներ իրականացնել նավթագազային ոլորտում։ Վերջերս հայտարարվեց առաջիկա 10 տարվա ընթացքում SOCAR-ը ազգային էներգետիկ ընկերության վերածելու մտադրության մասին (տես՝ SOCAR-ի փոխնախագահ Տ. Գուլիևի հայտարարությունը): Ի՞նչ կարող է դա նշանակել գործնականում:

1. Ամբողջական վերահսկողություն

SOCAR-ը վերահսկում է Ադրբեջանում ածխաջրածինների հետախուզումը, արտադրությունը, վերամշակումը և արտահանումը։ Սակայն այժմ խոսքը ողջ շղթայի լիակատար մենաշնորհացման, որոշումների կայացման կենտրոնացման մասին է։ Նույն Saudi Aramco-ի օրինակով: Հարց է առաջանում՝ արդյո՞ք սա չի հանգեցնի բոլոր ակտիվների կենտրոնացմանը մեկ կառույցի ներքո։ Չի՞ բերի ոլորտի խորքային ապաազատականացման: Տեսնենք:

2. Աշխարհաքաղաքական գործոն

SOCAR-ը պարզապես բիզնես չէ: Այն արտաքին քաղաքականության գործիք է։ Եթե նախկինում ընկերությունը հանդես էր գալիս որպես արևմտյան էներգետիկ կորպորացիաների ճկուն գործընկեր, ապա այժմ այն կարող է ամբողջությամբ պետական շահերի սապսարկման գործիք դառնալ։ Սա հատկապես կարևոր է Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումների ակնկալվող աճի համատեքստում (2027 թ.)։

3. Արևմտյան կապիտալը և «Դարի գործարքը»

SOCAR-ն արդեն երեք տասնամյակ աշխատում է արևմտյան նավթագազային հսկաների հետ՝ սկսած 1994 թ. «Դարի գործարքից», որն ամրացրեց BP-ի, Total-ի և այլ էներգետիկ հսկաների դիրքերն Ադրբեջանում։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին Բաքուն փորձում է նվազեցնել իր կախվածությունը արևմտյան գործընկերներից՝ աստիճանաբար մեծացնելով SOCAR-ի մասնաբաժինը խոշոր նախագծերում։ Թերևս, նոր նախատեսվող ռեֆորմը դրան ուղղված քայլերից է։

4. Ֆինանսներ և կառավարում

Ազգային ընկերությունը ոչ միայն կարգավիճակ է, այլ նաև ֆինանսավորման նոր մեխանիզմ։ Երկու հնարավոր սցենար կա՝ կա՛մ SOCAR-ը պատրաստվում է IPO-ի, կա՛մ, ընդհակառակը, այն կդառնա ավելի փակ կառույց՝ ներքին ֆինանսական սխեմաները պարզեցնելու համար։ Հաշվի առնելով SOCAR-ի պարտքային բեռը (2023 թ. դրությամբ՝ մոտ 12 մլրդ ԱՄՆ դոլար), բարեփոխումները ենթադրելու են ակտիվների վերակառուցում և սանացիա, ինչպես նաև պարտավորությունների վերանայում։

5. Ռիսկեր և մարտահրավերներ

Արևմտյան կապիտալը առանցքային դեր է խաղում Ադրբեջանի էներգետիկ ոլորտում, բայց արդյո՞ք Բաքուն պատրաստ է թուլացնել դրա ազդեցությունը՝ հօգուտ ամբողջական ազգայնացման: Եթե՝ այո, ապա չի՞ բերի դա արդյոք Արևմուտքի կողմից Ադրբեջանի վրա ճնշման գործադրման, հատկապես՝ Եվրոպայի հետ գազային նոր պայմանագրերի համատեքստում։ Հարցը հռետորական է:

Սակայն գլխավոր հարցը դեռևս մնում է անպատասխան. արդյո՞ք SOCAR-ը կդառնա էքսպանսիոնիստական ազգային նավթագազային կորպորացիա, թե՞ նոր նախաձեռնությամբ ընդամենը վերակազմավորման/ռեբրենդինգի խնդիր է լուծվում՝ Ադրբեջանի իշխանությունների ներքին նպատակներին համապատասխան:

Իսկ գուցե երկու՞սն էլ:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 10317

Մեկնաբանություններ